Էջմիածնեցի Ֆենյա Քոչարյանի դեմքի կնճիռները նրա տարիքը մասին չեն պատմում: 50-ը հազիվ բոլորած կնոջ ճակատին կրտսեր որդու կորսված երիտասարդության համար  ափսոսանքն է ու զավակի անապագա կյանքի մասին մորը անընդհատ հետապնդող միտքը: 12 տարի առաջ, երբ զինծառայող որդուն ցմահ ազատազրկեցին, տիկին Ֆենյային դատարանից միանգամից հիվանդանոց տեղափոխեցին: Դրանից հետո ընտանիքի անդամները մի քանի անգամ կանխեցին նրա ինքնասպանության փորձերը:

«Եթե այսօր իմ երեխեն կողքիս չի, բերդում է, էլ իմ ապրելն ի՞նչ իմաստ ունի: Ես էսօր էլ ոչ մեկին չեմ հավատում, իմ մեջ ամեն ինչ կորել է, վերացել է, ես ուղղակի աշխատում եմ, որ պահպանեմ էն, ինչ կա, որ միգուցե մի օր երեխուս վրա լույս բացվի, առողջ հանենք այնտեղից: Ես նրանով եմ ապրում, որ ինքն ինձնով է ապրում»,- NEWS.am-ին ասաց տիկին Ֆենյան:

Տիկին Ֆենյան պնդում է, որ որդուն, նրա հետ նաեւ իր  ծառայակիցներ Սուրեն Չոբանյանին ու Ավետիք Թումանյանին դատարանը ցմահ ազատարկման է դատապարտել առանց նրանց մեղավորությունն ապացուցող հիմքերի: Զինծառայող Արթուր Մեսրոպյանին կախելով սպանելու մեջ տղաների մեղավորությունը, ըստ հարազատների, ապացուցված է համարվել՝ հիմնվելով միայն մեկ զինծառայողի ցուցմունքի վրա:

 «Էդ զինծառայողը՝ Անդրանիկը, իր երկվորյակ եղբայրն ու հրամանատար Արմեն Ալեքսանյանն են սպանությունը կատարել: Սկզբում մեր տղային տարել էին ոստիկանություն որպես վկա, ու ասում  էին՝ հանգիստ եղեք: Հետո՝ նախաքննության վերջին փուլում,  մեղադրանք առաջադրեցին: Մեղադրանքում ասվում է՝ Արթուրս ու Չոբայանն են էդ տղային գրկել, կախել, այնինչ իրենցից ոչ մեկի հագուստի վրա արյան հետք չի հայտնաբերվել, մատնահետքերն իրենցը չեն: Փոխարենը արյան հետք է եղել հրամանատարին պատկանող իրերի վրա, Անդրանիկի բաճկոնի վրա: Մեղադրանքի հիմքում Անդրանիկի ցուցմունք էր, ոչ մի ուրիշ ապացույց չկար: Ու դա նրա համար, որ Անդրանիկի հայրը ոստիկան էր, Արմեն Ալեքսանյանն էր փող ճարեց, տվեց, չդատվեց»,- ասաց տիկին Ֆենյան:

Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանում 2005թ. անցկացված դատաքննության ժամանակ վկաները ոչ մի ցուցմունք չեն տվել, դատարանում ընթերցվել են նախաքննության ժամանակ նրանց տված ցուցմունքները: Արթուրի մոր խոսքով՝ վկաները չեն պատասխանել նաեւ ամբաստանյալների հարցերին, դատավորն էլ սահմանափակել է ամբաստանյալների խոսելու իրավունքը:

Այս գործով առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են նաեւ այլ զինծառայողներ՝ այդ թվում հրամանատարը: Դատարանն ապացուցված է համարել, որ 2014թ. սեպտեմբերի 19-ին ժամկետային զինծառայողներ Սուրիկ Չոբանյանը, Անդրանիկ Կարապետյանը, Ավետիք Թումանյանը, Կարեն Մկրտչյանը, Միքայել Հայրապետյանը, Սարգիս Աթոյանը հանդիպել են Արթուր Մեսրոպյանին, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը: Արթուր Մեսրոպյանը, հոգեբանական ճնշման ազդեցության տակ, ինքնասպանություն կատարելու նպատակով, ջարդված ապակու կտորով կտրելով վնասել է իր ձախ եւ աջ ձեռքերի նախաբազուկների հատվածները, պարանոցի առաջնային հատվածը: Կատարվածը թաքցնելու համար Արթուր Քոչարյանը առաջարկել է կախել Արթուր Մեսրոպյանին: Այնուհետեւ նա Սուրիկ Չոբանյանի հետ Արթուր Մեսրոպյանին տարել է  պարսպի մոտ, որտեղ Ավետիք Թումանյանի օգնությամբ նրան կախել են նրա տաբատի գոտիով: Արթուր Մեսրոպյանը մահացել է շնչահեղձությունից:

Ցմահ ազատազրկվածների մասով դատավճիռը բողոքարկվել է ՀՀ բոլոր դատական ատյաններում: Հարազատները նամակներով դիմել են տարբեր մարմինների, պատասխան են ստացել, որ քննությունն արդար է եղել: Նրանք օրեր առաջ դիմել են նաեւ ՀՀ նախագահին, նամակի պատասխանը դեռ չեն ստացել: 

Թե դատապարտվածները, թե նրանց հարազատները, որ պայքարում են գործի վերաբացման համար, հույսը չեն կորցրել, որ իրենց բողոքն այս անգամ, հնարավոր է՝ տեղ հասնի:

«Արթուրս ասում ա՝ մամ, ջան, արդարությունը չի կորելու: Ինքը մենակ Աստծո հույսով ա այնտեղ ապրում: Ասում ա՝ մամ, Աստված ինձ փորձություն ա տվել, մեկ ա՝ ես դուրս եմ գալու, արդարությունը վերականգնվելու ա»,- ասաց Արթուրի մայրը:

 30-ամյա Արթուրը իր պատկերացրած լուսավոր ապագայի համար արդեն ծրագրեր ունի կազմած. հենց ազատվի, իրավաբական կրթություն կստանա, որպեսզի, ինչպես ինքն է մորն ասել՝ «առաջին արդարությունն իրենից դուրս գա»:

Գայանե Ալեքսանյան