Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը մի շարք անհասկանալի ու չպարզաբանված հարցեր է առաջ բերում: Այս մասին, օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն ու շարունակեց. «Օրինակ՝ ինչո՞ւ Ռուաստանը որոշեց հենց այսօր երկարաձգել ժամկետը: Հնարավո՞ր է, որ 10 տարի անց՝ մինչ բազաների տեղակայման ժամկետի ավարտը, այդ երկիրը ոչ հայանպաստ կամ հակահայկական քայլեր էր ծրագրում, ինչի հետեւանքով չէր կարողանա այլեւս երկարացնել պայմանագրի ժամկետը»,-հարց ուղղեց ընդդիմադիր գործիչը եւ հավելեց. «Որեւէ այլ առիթ ես չեմ տեսնում տասը տարի շուտ ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնելու համար»:

Ըստ նրա, Ռուսաստանը հենց այսօր է որոշել փոփոխություն մտնել ռազմաբազաների տեղակայման մասին պայմանագրում, քանի որ այդ երկիրը չի ունեցել եւ չի ունենալու իրեն ավելի ենթարկվող իշխանություն, քան Հայաստանում այսօր առկա իշխանությունն է:

Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, չհամաձայնեց Իգիթյանի հետ եւ նշեց, որ պայմանագրում կատարված փոփոխությունները շատ նպաստավոր են լինելու Հայաստանի անվտանգության ամրապնդման համար: «Դուք կարող էիք փոփոխել պայմանագիրը, սակայն առանց բազաների ժամկետը երկարացնելու, ի՞նչն էր ստիպում ձեզ երկարացնել նաեւ ժամկետը»,-հարց ուղղեց Իգիթյանը:

Նա նշեց, որ իշխանությունները կատարված փոփոխությունները գովաբանելու փոխարեն պետք է հայտարարեին, որ կուսումնասիրեն փաստաթուղթը, եւ եթե տեսնեն, որ դրանում առկա են Հայաստանի շահերից չբխող ձեւակերպումներ, ապա ԱԺ-ի կողմից վավերացման ժամանակ դեմ կարտահայտվեն: «Եթե ես լինեի հանրապետական թունդ պատգամավոր, այդպես կասեի»,-նշեց ՀՀՇ ներկայացուցիչը եւ հավելեց, որ դրանից ՀՀԿ-ականների ռեյտինգը ահագին կբարձրանար:

Ըստ Իգիթյանի, փաստաթղթում ձեւակերպումները պետք է լինեն հստակ, որպեսզի տարատեսակ մեկնաբանությունների տեղիք չտան: Իսկ ռուս-հայկական փաստաթղթի շուրջ, ըստ Իգիթյանի, ինչպես նաեւ հայ-թուրքական արձանագրությունների դեպքում,  մեկնաբանությունները չեն համընկնում, ու միշտ էլ հիմք են ընդունվում հզոր պետության կողմից արված մեկնաբանությունները: Հայ-ռուսական արձանագրության մեջ, ըստ Իգիթյանի, պետք է ներառված լինի մի դրույթ, ըստ որի՝ Ռուսաստանը պարտավորվում է Հայաստանի պոտենցիալ հակառակորդ երկրին զենք չվաճառել: ՀՀՇ-ական գործչի խոսքով՝ ռուսական կողմը պետք է ամեն օր համոզի, որ իր ներկայությունը Հայաստանում բխում է Հայաստանի շահերից: Հովհաննես Սահակյանն էլ հավելեց, որ ամեն երկիր որեւէ քայլ կատարելիս առաջնորդվում է առաջին հերթին իր շահերով: