20 տարվա ազատազրկումից հետո ազատության մեջ հայտնված ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանն առաջին հերթին գարեջուր է ուզել ընկերներից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հետքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը, որն արդեն 6 տարի պայքարում է ցմահ ազատազրկվածների գործերի վերանայման համար:

«Սողոմոն Քոչարյանի համար ազատությունն առաջին հերթին ասոցացվում է գարեջրի հետ.  տարիներ առաջ,  երբ Մհեր Ենոքյանի հետ փախուստի էին դիմել, առաջին անգամ երկուսով ազատության մեջ գարեջուր էին խմել»,-ասաց Զարուհի Մեջլումյանը:

 NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին Սողոմոն Քոչարյանի մոտ են ընկերները, հարազատները: Նրանց արդեն նախկին ցմահ դատապարտյալը պատմել է, որ գիշերը լավ երազ էր տեսել, ու սպասում էր նման որոշման։ Չնայած դրան` երբ մայրը հայտնել է նրան դատարանի որոշումը, 58–ամյա Սողոմոն Քոչարյանը հուզվել է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ հոկտեմբերի 22-ին, իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից  ազատելու որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ։ Նա ներկայում գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում: Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: