Արմավիրի մարզում մնացել է տեխնիկական սորտի 300 տոննա խաղող, որն առաջիկա օրերին ամբողջությամբ մթերվելու է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:
«300 տոննայից 100-ը այսօր մթերելու է Արարատի մարզի գործարաններից մեկը, մյուս 100 տոննան՝ ՄԱՊ-ը, իսկ մնացածն էլ՝ երկուշաբթի կմթերի Պոռշյանի կոնյակի գործարանը: Այսպիսով, երկուշաբթի արդեն կավարտենք տեխնիկական սորտի խաղողի մթերումը»,- ասաց Արթուր Այվազյանը՝ նշելով, որ սեղանի սորտի խաղողն էլ գյուղացին պետք է իրացնի շուկայում:
Նշենք, որ Արմավիրի մարզում այս տարի աննախադեպ չափով խաղողի բերք կա: Գյուղացիներն արդեն մեկ ամիս է՝ բողոքում են, որ գործարանները չեն մթերում բերքը:





























