«Արմավիր» բժշկական կենտրոնում հունիսի 16-ին ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան դեպքով մեղադրվող, Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի լիազորությունները չեն դադարեցվելու, քանի չկա դատարանի մեղադրական դատավճիռը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը:

«Երբ որ հիմքերը կլինեն, դատարանը մեղադրական դատավճիռ կկայացնի, այդ ժամանակ մենք կդադարեցնենք նրա լիազորությունները, իսկ այս պահին նման բան չկա: Մեղադրանք առաջադրելը դեռ չի նշանակում, որ մեղավոր է անձը: Մահվան դեպքեր ամեն օր էլ լինում են Հանրապետությունում, մենակ «Արմավիր» ԲԿ-ն չէ»,- ասաց Լարիսա Մուրադյանը:

Մեր դիտարկմանը, թե 1 տարվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, որ մեղադրանք է առաջադրվում «Արմավիր» ԲԿ-ի բժիշկներին, Լարիսա Մուրադյանն արձագանքեց. «Մեղադրանք առաջադրելը չի նշանակում, որ մեղավոր է: Մենք ամեն օր էլ հետեւում ենք, թե ինչ է կատարվում մեր ենթակայության տակ գտնվող հիվանդանոցներում»:

Նշենք, որ մարզերում գործող հիվանդանոցները գտնվում են մարզպետարանների ենթակայության ներքո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արմավիր» բժշկական կենտրոնում 2015թ. հունիսի 16-ին ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Նշենք, որ նախքան այս կատարվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` երեխան մահացել է ինֆեկցիոն տոքսիկ շոկից: Երեխայի մահվան մեջ հարազատները մեղադրում են «Արմավիր» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանին, որն իրեն մեղավոր չի համարում:

Երեխան հիվանդանոց էր ընդունվել ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:

Ըստ երեխայի տատիկի, որը մահվան պահին ու դրանից առաջ երեխայի կողքին էր եղել, փոքրիկին մահվանից մոտ տասը րոպե առաջ բժշկուհու հսկողությամբ ստամոքսի լվացում են արել, սակայն օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել: Հարազատները մահվան պաշտոնական վարկածին չեն հավատում, նրանք ենթադրում են, որ ջուրը երեխայի թոքերն է լցվել ստամոքսի փոխարեն, ինչի հետեւանքով էլ նա մահացել է:

Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ մեղադրանք է առաջադրվում «Արմավիր» ԲԿ-ի բժիշկներին: Նախորդ անգամ 28-ամյա հղի Նարինե Շարոյանի մահվան համար մեղադրանք էր առաջադրվել մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին, որի գործն արդեն դատարանում է: Հասմիկ Հակոբյանին մեղադրանք առաջադրվելուց հետո էլ հիվանդանոցի ղեկավարությունը նրան աշխատանքից չհեռացրեց։ Որոշ ժամանակ անց բժշկուհին հեռացավ սեփական նախաձեռնությամբ։