Դրոշմակնիքն ընդամենը լրացուցիչ գործիք է, բայց ոչ առանցքային։ Այս մասին NEWS.am–ին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը` արձագանքելով դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ հնչող մտահոգությունները` կապված այն հանգամանքի հետ, որ նույնականացման քարտերի վրա չի պահպանվում դրոշմակնիքը, ինչը կարող է կրկնակի քվեարկության հնարավորություն տալ։
«Դրոշմակնիքն ընդամենը լրացուցիչ գործիք է, բայց ոչ առանցքային ու արմատական: Մենք ունեցել ենք եզակի դեպքեր համապետական ընտրությունների ժամանակ, երբ ընտրողը եկել էր ընտրատեղամաս, հետո պարզեց, որ իր անվան դիմաց շփոթմամբ ուրիշն էր մինչեւ այդ ստորագրել, դա հարեւանների միջեւ շփոթության խնդիր էր եղել: Այսինքն` մենք 3-4 եզակի դեպք ենք ունեցե,լ եւ բոլոր դեպքերն էլ չեն բացահայտվել քվեատուփի մոտ հասնելու փուլում, այլ ցուցակը ստորագրելու պահին է դա պարզվել»,– ասաց նա։
Ըստ Տիգրան Մուկուչյանի` եթե որեւէ մեկի մտքով անցնում է կատարել կրկնակի քվեարկություն, ինչը հանցագործություն է, ապա դա կարելի է բացահայտել ընտրողների ցուցակի մոտ, ինչը հանձնաժողովի անդամների պատասխանատվության դաշտում է: Իսկ հանձնաժողովը կազմված է տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներից, որոնք էլ պետք է վերահսկողություն իրականացնեն:
«Հանձնաժողովում ներկա են վստահված անձինք, դիտորդներ, որոնց իրավունք է վերապահված տեսանկարահանել ու լուսանկարահանել ողջ գործընթացը։ Դրա համար, ես կարծում եմ` դրոշմակնիքի մեխանիզմը, որը կատարվում է քվեատուփի մոտ, լրացուցիչ գործիք է, բայց ընտրական գործընթացում վեահսկողական ավելի ամբողջական ու արմատական մեխանիզմներով պայմանավորված` այդ դրոշմակնիքը չի եղել միակն ու հոզոր գործիքը»,– ասաց նա:
Ըստ ԿԸՀ նախագահի, դրոշմանիքի իմաստը արդիական է դառնում այն երկրներում, որոնց ընտրական օրենսդրության համաձայն` ընտրողների ցուցակները նախապես չեն կազմվում, այլ ընտրության օրը քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով մոտենում է ընտրատեղամաս, լրացնում տվյալները ու կատարում քվեարկություն:





























