Ֆրանսահայ 7-ամյա Ռուդոլֆ Սկալետտադի Մալեր Վարդանյանը հոկտեմբերի 21–ին բարձրությունից ընկել է, երբ փորձել է ընտանիքի հետ լուսանկարվել Սեւանա լճի ֆոնին։
NEWS.am-ի հետ զրույցում Ռուդոլֆի մայրը՝ Ալինա Վարդանյանը, պատմեց, որ որդու եւ դստեր հետ լուսանկարվել են Սեւանա լճի ֆոնին, մի պահ ինքն առաջ է գնացել իր եղբորից հեռախոսը վերցնելու, երբ որդին, հավասարակշռությունը կորցնելով, մոտ 2 մետր բարձրությամբ երկաթապատ պատվանդանից ընկել է:
Ալինա Վարդանյանի խոսքով՝ որդին օդի փոփոխության հետեւանքով է գլխապտույտ ունեցել, սովոր չէ Հայաստանի օդին, նոր են ժամանել Ֆրանսիայից: Նա հերքեց ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե տղան սելֆի անելիս է ընկել։
«Սելֆի չի արել, ես չեմ թողնի երեխայիս մենակ այդ բարձրության վրա: 4 հոգով էինք՝ ես, իմ աղջիկը, տղան, եղբայրս նկարում էր: Չէի ուզի՝ պատմություն դառնար այս դեպքը, ո՞վ ասեց, որ մարդիկ պետք է չնկարվեն: Ես գիտեմ` մարդիկ ինչ բարձրություններից են նկարվում, մենք նման հիվանդագին բաներ չունենք: Ինքն այն երեխաներից չէ, որ բարձրանում են, վտանգավոր տեղեր են նստում: Ճնշումը մեծ է Սեւանում, Ֆրանսիայում այդպես չէ, երեխան սովոր չէ: Նույնիսկ մեծերն են գլխապտույտ ունենում: 1.5-2 մետր էր բարձրությունը»,-ասաց երեխայի մայրը:
Ալինա Վարդանյանը, որն ամուսնացել է ֆրանսիացու հետ եւ 11 տարի է՝ բնակվում է Ֆրանսիայում, ամեն տարի այցելում է Հայաստան: Դեպքի օրն էլ պատրաստվում էին անակնկալ այցելել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բնակվող մորը:
Կնոջ խոսքով՝ որդին հրաշքով է փրկվել, նույնիսկ ասում է՝ երկրորդ անգամ է ծնվել:
«Շուտով կապաքինվի. կգնա իր պապային կհասնի, ցույց կտա Հայաստանում արված նկարները»,- ասաց Ալինան:
Ռուդոլֆ Վարդանյանն այժմ գտնվում է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշական կենտրոնում, որի Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մ. Մարտիրոսյանը նշեց, որ երեխայի վիճակը միջին ծանրության է, ստացել է գլխուղեղի տրավմա, վիրահատական միջամտություն անհրաժեշտ չէ:
«Երեխան պետք է կոնսերվատիվ բուժում ստանա: Դա կտեւի մոտ մեկ շաբաթ, կամ տասը օր: Այսօր կրկնակի ռենտգեն ենք արել, բացասական դինամիկա չի արձանագրվել: Վիճակը միջին ծանրության է՝ համապատասխանում է իր կրած տրավմայի բնույթին՝ փսխումներ, գլխացավ, լուսավախություն»,-տեղեկացրեց Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզում լուսանկարվելիս երկու օր առաջ բարձրությունից ընկել էր Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի 7-ամյա Ռուդոլֆ Վ.-ն, որը տեղափոխվել էր Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:





























