«Արմավիր» բժշկական կենտրոնում 2015թ. ամռանը մահացած ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի տատիկը կարծում է՝ ինչ պատիժ էլ կիրառվի երեխայի մահվան մեջ մեղադրվող՝ Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը, դա ոչինչ է այն ցավի դեմ, որ իրենց ընտանիքն է ապրում:
«Օրենքն ինչ էլ որոշի, մեզ համար զրո է: Ես մենակ իմ թոռին եմ ուզում: Մեր կյանքը երեխու մահվան հետ լրիվ կոտրվել է»,- NEWS.am-ին ասաց Կարինե Հովհաննիսյանը:
Կարինե Հովհաննիսյանը շարունակում է պնդել, որ փոքրիկը չի մահացել տոքսիկ շոկից, այլ այն բանից հետո, երբ նրան ստամոքսի լվացում են արել, ջուրը ստամոքսի փոխարեն լցվել է թոքերը: Տատիկի խոսքով՝ երեխային հիվանդանոց են տարել լավ վիճակում, նա քայլել է, որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո գրեթե լիովին ապաքինվել:
«Ես ուզում եմ առերեսման ժամանակ բժշկուհին նայի երեսիս ու ասի՝ ինչ եղավ էն 4 լիտր ջուրը, որ լցրին երեխուս ստամոքսն ու էլ հետ չեկավ: Ասում եմ՝ հետ չեկավ ջուրը, ասում ա՝ հեսա կգա: Վերակենդանացման բժիշկն էլ ինձ անձամբ ասեց՝ երեխու թոքերը ջրի մեջ ա, խեղդվել ա: Ես ուզում եմ իմանամ՝ երեսիս ոնց ա նայելու, ոնց ա նայելու աչքերիս մեջ ու սուտ խոսելու»,- ասաց նա:
Նշենք, որ բժշկուհին պնդում է, որ ոչ մի սխալ թույլ չի տվել: Նա հերքում է երեխայի տատիկի մեղադրանքներն, առավել եւս, դրանք աբսուրդ համարում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
Նշենք, որ երեխան հիվանդանոց էր ընդունվել ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:
Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ մեղադրանք է առաջադրվում «Արմավիր» ԲԿ-ի բժիշկներին: Նախորդ անգամ 28-ամյա հղի Նարինե Շարոյանի մահվան համար մեղադրանք էր առաջադրվել մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին, որի գործն արդեն դատարանում է: Հասմիկ Հակոբյանին մեղադրանք առաջադրվելուց հետո էլ հիվանդանոցի ղեկավարությունը նրան աշխատանքից չհեռացրեց։ Որոշ ժամանակ անց բժշկուհին հեռացավ սեփական նախաձեռնությամբ:





























