Ցմահ ազատազրկվածների հարազատները հոկտեմբերի 22-ից ստորագրահավաք են սկսել իրենց հարազատների գործերի վերաբացման պահանջով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծառայակցի սպանության մեղադրանքով արդեն 12 տարի անազատության մեջ գտնվող Էմիլ Չիֆթչյանի մայրը` Վարսենիկ Ղազարյանը` նշելով, որ հավաքված ստորագրությունները հոկտեմբերի 28-ին հանձնելու են նախագահ Սերժ Սարգսյանին:

«Նույն պահանջով նամակ հանձնեցինք անցած շաբաթ, բայց այն հասցեագրեցին Արդարադատության նախարարությանը: Այժմ փորձելու ենք մեր հարազատներին ճանաչող մարդկանցից, քաղաքացիներից ստորագրություններ հավաքել մեր անմեղ երեխաների գործերի վերաբացման պահանջով ու փոխանցել նախագահին: Եթե մեզ նորից արհամարհեն, հոկտեմբերի 28-ից կառավարության դիմաց նստացույց կսկսենք»,-ասաց Վարսենիկ Չիֆթչյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 50 ցմահ ազատազրկվածներ 4-օրյա հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով վերանայել իրենց գործերը: Միեւնույն ժամանակ, նրանց ծնողները բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության շենքի դիմաց, այնուհետեւ նույն պահանջով նամակ ուղղել նախագահին, որտեղից պատասխան էին ստացել, որ դիմումը հասցեագրվել է Արդարադատության նախարարությանը, եւ պատասխանը կլինի մեկ ամսից: Ցմահ ազատազրկվածների ծնողները հոկտեմբերի 22-ին հայտարարել էին, որ ցմահ դատապարտվածները նորից պատրաստվում են հացադուլ հայտարարել: