«Սդղի գյոլի» գործով մեղադրյալի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու` Դերենիկ Ղեւոնդյանի փաստաբանը պնդում է, որ նախաքննական մարմինը անտեսել է այն փաստը, որ իր պաշտպանյալը նույնպես վնասվածք է ստացել վիճաբանության ժամանակ:
«Ինքն էլ է տուժել, վնասվածք ունի հոնքի շրջանում, բախտը բերել է, որ աչքը դուրս չի եկել, թե չէ մենք կլինեինք տուժող»,- ասաց փաստաբանը՝ չցանկանալով նշել, թե ով է հարվածել Դերենիկին:
Նշենք, որ Վերքաննիչ քրեական դատարանն այսօր մերժել էր դատախազության բողոքը առաջին ատյանի դատարանի այն որոշման դեմ, որով գրավի դիմաց ազատ էր արձակվել Դերենիկ Ղեւոնդյանը: Փաստաբանի խոսքով՝ նման միջնորդություն ներկայացնելիս դատախազությունը հաշվի չի առել իր պաշտպանյալի բնութագիրը:
«Իմ պաշտպանյալը պարգեւատրվել է, գերազանցիկ է, փառապանծ զինվոր, գերազանց մարզիկ, երեք կրծքանշան ունի»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 5–ին որոշել էր Դերենիկ Ղեւոնդյանի ազատ արձակվել 1 մլն գրավի դիմաց:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմանում, «Սդղի գյոլ»-ում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում մի խումբ անձանց կողմից բռնություն էր գործադրվել Մուշեղ Զաքարյանի նկատմամբ։ Քննության տվյալներով՝ Յուրի Մանուչարյանը եւ Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ հարվածել են Հարություն եւ Մուշեղ Զաքարյաններին, ինչի հետեւանքով Հարություն Զաքարյանը կորցրել է տեսողությունը:
Յուրի Մանուչարյանին եւ Դերենիկ Հակոբյանին հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նույն օրը քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր:
Հիշեցնենք, որ քրգործի շրջանակներում կալանավորվել էր նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որը 2 ամիս անց ազատ է արձակվել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ տուժող Հարություն Զաքարյանին վնասվածք է հասցրել Յուրի Մանուչարյանը:





























