Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն» հերքում է Վերնիսաժի գործով 3 տարով ազատազրկված Վալերիկ Հովհաննիսյանի ծնողների պնդումները, թե դեպքից հետո ինքն է առեւանգել նրանց մեքենան:

«Իրենք ճշմարտությունը լավ էլ գիտեն, Վալերիկն էլ գիտի, հարցրեք՝ կասի, թե ով է մեքենան տարել: Իսկ ես ոչ մի բանից տեղյակ չեմ, չգիտեմ էլ՝ էդ մեքենան որտեղ ա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարո Կարապետյանը, որի փեսան «Վերնիսաժի» գործով դատապարտվեց 6,5 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Վալերիկ Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում պնդել էր, որ դեպքի վայրից իրենց մեքենան առեւանգել է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը:

«Յուվեցի Կարոն մեքենայի գողություններով, դրանց առքուվաճառքով է զբաղվում, ինքն է մեր մեքենան գողացել: Մենք դիմում ենք ոստիկանություն, հարցնում ենք` մեր ավտոն ուր ա, ասում են` ման են գալիս: Մեքենան իրանց մոտ է, գողը իրենց մոտ է, իրենք թաքցնում են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել էր Լիա Հովհաննիսյանը:

Նշենք, որ խոսքն այն մեքենայի մասին է, որի շուրջ «Վերնիսաժի» ավտոկայանատեղիում ծագել էր կրակոցներով ավարտված վիճաբանությունը։ Քրեական գործում այս մեքենան չի հիշատակվում, իրեղեն ապացույցների մեջ չկա։

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 21-ին Գոռ Առաքելյանին դատապարտել է 6 տարի 6 ամիս, Վալերիկ Հովհաննիսյանին՝ 3, Ներսես Մելքոնյանին՝ 2 տարվա ազատազրկման: