Ավստրալիայի մայրաքաղաք Կանբեռայում Heather's House of Cake սրճարանը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը։ Ինչպես գրում է The Canberra Times-ը, հաստատության տիրուհին՝ Հիզեր Մարտինը, նման որոշում է կայացրել «սանձարձակ» երեխաների եւ նրանց ծնողների պատճառով։ Սրճարանի տիրուհուն խոսքով՝ որոշ ծնողների վարքը վնաս է հասցրել իր բիզնեսին։
Մարտինի խոսքով՝ գարնանը բացելով Heather's House of Cake սրճարանը՝ ինքը հույս ուներ, որ այն կդառնա հարմարավետ վայր հատկապես մայրերի եւ երեխաների համար։ Սակայն խաղասենյակը, որտեղ երեխաները խաղում էին ծնողների հսկողությամբ, վերածվել էր ինչի ասես, միայն թե ոչ հարմարավետ վայրի։
Սրճարանի տիրուհին բազմազավակ մայր է։ Նրա խոսքով՝ ինքը երեխաների հետ շփվելու փորձ ունի եւ չի սպասում, որ նրանք իդեալական վարք կդրսեւորեն, սակայն իր սրճարանի հանդեպ առնվազն տարրական հարգանք է պահանջում, փոխանցում է Gazeta-ն։
Մասնավորապես ծնողները երեխաների տակաշորերը փոխում էին հենց սեղանների վրա, որտեղ մարդիկ ուտում էին։ Միաժամանակ նշվում է, որ այցելուներից ոմանք չէին օգտվում աղբամանից, իսկ մյուսները իրենց հետ էին բերում իրենց ուտելիքը։





























