Ընտրողների թվի անհամաչափ աճը մանիպուլյացիայի արդյունք է: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: 

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` (ՀՀ ԱՎԾ) Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը 1991 թ. եղել է 3 512 000 մարդ, որի 58 %-ը (2 051 473) կազմել են ընտրելու իրավունք ունեցող՝ այսինքն՝ 18 տարին լրացած գործունակ անձինք: Ընդհանուր եւ համակարգված ընտրական ցուցակների բացակայության, ինչպես նաեւ հաշվառման մեխանիզմների անորոշության պատճառով թերեւս 1990-ականներին ընտրացուցակներում առկա էին բազմաթիվ բացեր եւ մեծ թվով բնակիչներ զրկված էին ընտրելու իրավունքից:

Ժամանակի ընթացքում այս խնդրի կարգավորումը սակայն հանգեցրել է հակառակ ծայրահեղության: 2013 թ. ՀՀ բնակչության թիվը եղել է 3 017 100 մարդ, իսկ ընտրողների թիվը եղել է 2 509 434 կամ բնակչության թվի 83%: Այսինքն նշված 22 տարիների ընթացքում ՀՀ բնակչությունը պակասել է շուրջ 500 հազարով, միաժամանակ նույնքանով ավելացել է ընտրողների ընդհանուր թիվը:

Մինչդեռ ըստ ՀՀ ԱՎԾ բնակչության տարիքային բաշխվածության տարեկան միջին ցուցանիշի, մշտական բնակչության 25-30 % եղել է մինչեւ 18 տարեկան: Ստացվում է, որ մշտական բնակչության 70-76 % (կամ միջինը 73 %-ը) պետք է լիներ ընտրող: Իսկ իրականում ստացվել է հետեւյալ պատկերը. ընտրողների թվի տեսակարար կշիռը 2012 թ. ից անհամաչափ մեծացել է բնակչության ընդհանուր թվում, որը, եթե ընդունենք, որպես իրողություն, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին հատկապես Ղարաբաղյան պատերազմի ընթացքում երկրում ծնելիության աննախադեպ աճ է գրանցվել, որից հետո այն կտրուկ նվազել է:

Միեւնույն ժամանակ, Վանաձոր քաղաքի բնակչության եւ ընտրողների թվի հարաբերակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների թվի անհամաչափ աճի վերոնշյալ տենդենցը արհեստական միջամտության կամ թվային մանիպուլյացիայի արդյունք է»: