Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած 3 պայմանագրային զինծառայողներից մեկը՝  Հարություն Հակոբյանը, տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, նրա վիճակը ծանր կայուն է:

Հոսպիտալից NEWS.am-ին տեղեկացրին, որ Հարություն Հակոբյանն ունի գլխուղեղի ծանր սալջարդ ուղեղի այտուցով, քթի ոսկրերի կոտրվածք, կրծքավանդակի բութ վիրավորում, աջ թոքի սալջարդ 2-ից 5-րդ կողերի կոտրվածքով, ձախ ազդրի կոտրվածք: Նա միացված է արհեստական շնչառության ապարատին:

Վթարի հետեւանքով տուժած մյուս երկու զինծառայողները դեռ Վարդենիսի կայազորային հոսպիտալում են, նրանց վիճակները կայուն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին հոկտեմբերի 24-ին  բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի եւ Ակունք գյուղի բնակիչ, 38-ամյա Հարություն Հակոբյանի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով տուժածներն են պայմանագրային զինծառայողներ 35-ամյա Վարդան Սիմոնյանը, 37-ամյա Գագիկ Հովհաննիսյանը եւ Volkswagen Vento-ի վարորդ, 38-ամյա Հարություն Հակոբյանը: