Բոլոր ընթացիկ հակամարտություններն ու խնդիրները կապված են աշխարհում ԱՄՆ դերի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռուսաստանցի քաղաքագետ, Նյու Յորքում ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն արդեն բավարար չափով ազդեցիկ չէ, որպեսզի գերիշխի եւ հաստատի այն կարգը, որն իրենք հարմար են համարում, բայց միաժամանակ, դեռ բավական ուժեղ են, որպեսզի որեւէ պետություն իրենց հավասար չհամարեն:
«Այսօր ԱՄՆ-ը ցանկանում է պահպանել ստեղծված ստատուս քվոն, իսկ այն երկրները, որոնք ոտքի են կանգնել, օրինակ Բրազիլիան, Հնդկաստանն ու Չինաստանը, նրանց անվանում են ռեւիզիոնիստական տերություններ, ուզում են փոխել այդ ստատուս քվոն: Միջազգային հանրության ապագա զարգացումը շատ բանով կախված է նրանից, թե որքան երկար ու համառորեն Վաշինգթոնը կփորձի շարունակել իր գերիշխանությունը: Բոլոր հակամարտությունները, որոնք մենք տեսնում ենք, հենց այդտեղից բխող հետեւանքներ են»,-ասել է Միհրանյանը:
Նրա խոսքով, շատ քաղաքագետներ հոռետեսորեն են վերաբերում ԱՄՆ ապագային: Այսօր քննարկվում են իրադարձությունների զարգացման հետեւյալ սցենարները. կամ ռեւիզիոնիստական տերությունները ԱՄՆ-ին իր տեղը կդնեն, ինչպես արեցին նախկին հեգեմոններին պատերազմի արդյունքում, կամ այդ երկիրը կփլուզվի ներքին խնդիրներից:





























