Քալիֆորնիացի երեք սպասուհիներ դատի են տվել Սաուդյան Արաբիայի արքայազն Մաջիդ Աբդուլազիզ ալ Սաուդին սեռական ոտնձգությունների համար։ Այս մասին գրում է New York Daily News-ը։

Փաստաբանը երեք կանանց անունից 29-ամյա արքայազնի դեմ հայց է ներկայացրել։ Սպասուհիները պնդում են, որ արքայազնը որոշ ժամանակ  իրենց փակի տակ է պահել իր առանձնատանը, ստիպել է մերկ քայլել եւ սեռական բնույթի գործողություններ է իրականացրել իրենց նկատմամբ։

«Դու ինձ դուր ես գալիս։ Վաղը ես հավաքույթ եմ ունենալու, որտեղ դու կանես այն ամենն, ինչ ես կցանկանամ, հակառակ դեպքում ես քեզ կսպանեմ»,- ասել է արքայազնը իր զոհերից մեկին։

Երկրորդ կինը նույնպես խոստովանել է, որ Մաջիդ Աբդուլազիզ ալ Սաուդը սեռական բռնություն է կիրառել իր դեմ, փոխանցում է Gazeta-ն։

«Դու կին ես, դու ոչինչ ես։ Ես արքայազն եմ, եւ կանեմ այն, ինչ կցանկանամ։ Ոչ ոք ինձ ոչինչ չի անի»,- կնոջն ասել էր Ալ Սաուդը։

Կանայք ցանկացել էին փախչել պատուհանով, սակայն վախեցել էին կոտրվածքներ ստանալուց։ Նրանք մի քանի օր են անցկացրել առանձնատանը, իսկ այդ ընթացքում Ալ Սաուդը մշտապես հավաքույթներ է կազմակերպել եւ կոկաին օգտագործել։

Ներկայումս արքայազնի դեմ մեղադրանքներ են ներկայացվել սեռական ոտնձգության, բարոյական վնաս հասցնելու եւ մարդկանց ապօրինի ազատազրկելու հոդվածներով։