Ճապոնիայում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՄԱԿ ներկայացուցիչը իշխանություններից պահանջում է արգելել մանգա կոմիքսներում առկա «պոռնոգրաֆիկ տարրը»։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Կոմիքսի իլյուստրատորները բողոքում են այդ արգելքի դեմ՝ նշելով, որ դա ինքնարտահայտման ազատության սահմանափակում է։
ՄԱԿ դեսպան Մոդ դե Բուր Բուկիկիոն գովաբանել է Ճապոնիային անցյալ տարի երեխաների սեքսուալ պատկերները տարածելու վրա արգելք սահմանելու համար, սակայն նշել է, որ երկրում դեռ օրենքը շրջանցող հնարքներ կան։
Նախքան անցյալ տարվա հունիսին այդ օրենքը ընդունելը, Ճապոնիան մեծ 7-յակի միակ երկիրն էր, որտեղ օրենքը թույլատրում էր մանկական պոռնոգրաֆիա պահել այն պայմանով, որ դա չի վաճառվելու եւ չի տեղադրվելու համացանցում։
Մանգա կոմիքսների թարգմանիչ Դեն Կանեմիտսուն, ՄԱԿ նախաձեռնությանն ի պատասխան, նշել է, որ իրական երեխաներ պատկերող լուսանկարների եւ կոմիքսների միջեւ մեծ տարբերություն կա, փոխանցում է Gazeta-ն։




























