Որբացած Բոքսեր այծը Ավստրալիայի օրինապահ մարմինների նոր աշխատակից է դարձել, տեղեկացնում է Mashable-ը: Այծի ձագը «ծառայության է անցել» Նոր Հարավային Ուելսի ոստիկանության փրկարարական գործողությունների եւ ռումբերի վնասազերծման բաժանմունքում:
Բոքսերին կերակրում են արհեստական եղանակով: Այծի ձագին ապաստան են տվել մոր մահից հետո: Ինչպես պատմել է Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության մամուլի քարտուղարը, ամեն երեկո տարբեր սպաներ հոգ են տանում ուլիկին, տեղեկացնում է Gazeta-ն:
Ի սկզբանե Բոքսերին բերել է սպա Բրենթոն Չառլտոնը՝ ոգեւորելու համար գործընկերոջ այծերի սիրահար դստերը: «Նա հենց առաջին օրը բոլորին դուր եկավ»,- պատմել է Չառլտոնը: «Նրանք ուղղակի պաշտում են ուլիկին: Դժվար է չսիրել նրան», – տեղեկացրել է նա ու հավելել, որ ուլիկը զբոսնում է ոստիկանական տեղամասում եւ քնում սեղանների տակ:
Երբ ձագը մեծանա, նրա համար նոր՝ արոտավայրով կացարան կգտնեն:




























