Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման ծայրահեղականները վերջին մի քանի ամիսներին Լոգար նահանգի տարածքում աղջիկների համար նախատեսած 25 միջնակարգ դպրոց են փակել: Այդ մասին երեքշաբթի հայտնել է պակիստանյան Frontier Post թերթը:
Թերթի տվյալներով, ուսումնական հաստատությունների փակման հետեւանքով մի քանի հազար աղջիկ զրկվել է լիարժեք աշխարհիկ կրթություն ստանալու հնարավորությունից: Այդ նույն նահանգում թալիբները տեղի մահմեդական հոգեւորականներին նաեւ արգելել են աշխատավարձ ստանալ պետական կառույցներից, հակառակ դեպքում սպառնալով նրանց «լուրջ հաշվեհարդարով», հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ աֆղանյան թալիբները Աֆղանստանի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում արդեն բազմիցս փակել էին հանրակրթական դպրոցներ, դրա փոխարեն ներդնելով մզկիթներին կից գործող կրոնական տարրական դպրոցների համակարգ:





























