Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելիշվիլին Վրաստանի ՄԻՊ Ուչեյ Նանուաշվիլիի հետ քննարկել է կտտանքների տեսարաններ պարունակող տեսանյութը, որը վրացական հասարակությունում մեծ հնչեղություն է ստացել:
Համացանցում երկու շաբաթ շարունակ տեսանյութեր են տարածվել, որոնցում կտտանքների եւ բռնաբարության տեսարաններ են արձանագրված: Վրաստանի դատախազությունը հայտարարություն է արել՝ տեղեկացնելով, որ այդ գործողություններն իրականացվել են նախկին իշխանությունների օրոք՝ 2011-ին, ՆԳՆ աշխատակիցների կողմից:
«Ցավալի է, որ ապրում ենք այնպիսի միջավայրում, երբ փաստացիորեն ամեն օր նողկալի տեսանյութեր ենք դիտում… Մենք դատապարտում ենք բռնության, սադիզմի ցանկացած ձեւ, ինչպես նաեւ այդ տեղեկատվության տարածումը: Ես ուզում եմ բոլոր իրավապահ ուժերին կոչ անել՝ հանրության բարձր շահից ելնելով հաշիվ տալ հասարակությանը, որպեսզի մեր մեջ ամրապնդվի այն զգացողությունը, որ սադիստներն ու բռնաբարողները հետապնդվում են օրենքով», - երեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին հայտարարել է Վրաստանի նախագահը:
Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է այդ հանցագործությունները մինչեւ վերջ հետաքննելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է «Sputnik-Գրուզիան»:
«Հասարակության մեջ սպասում կա: Մինչ այդ, պետք է որ կտտանքի մեկից ավելի գործ հետաքննվեր: Այդ գործն անպայման պիտի մինչեւ վերջ տարվի: Միաժամանակ պիտի սահմանափակվի նմանատիպ կադրերի տարածումը», -լրագրողներին ասել է Նանուաշվիլին նախագահի հետ հանդիպումից հետո:
Վրաստանում «բանտային սկանդալից» երեք տարի անց առաջին դեպքն է, երբ տեսանյութ է տարածվում, որտեղ ցուցադրվում է, թե ՆԳՆ աշխատակիցներն ինչ անմարդկայնորեն են վերաբերվում քաղաքացիներին:
Ժամանակավոր հանձնաժողովը, որն աշխատում է անօրինական գաղտնալսման եւ գաղտնի դիտարկման հարցերի շուրջ, հրաժարվել է ոչնչացնել տեսագրությունների մեծ մասը, որպեսզի հետաքննությունը լիարժեքորեն ընթանա եւ բոլոր մեղավորները պատասխան տան իրենց արածի համար, ավելի վաղ նշել է ՄԻՊ Նանուաշվիլին, որը հանձնաժողովի անդամ է:
2014-ի հունվարի 31-ին աշխատանքի ավարտից հետո հանձնաժողովը զեկույց է հրապարակել եւ համապատասխան օրգաններին արդյունավետ հետաքննություն իրականացնելու հանձնարարականներ է տվել:





























