Հոկտեմբերի 27-ը չի բացահայտվել ու, չեմ կարծում, որ կբացահայտվի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Սա ոչ միայն անձանց դեմ ուղղված հանցագործություն էր, նաեւ պետության, պետության կառավարման դեմ կազմակերպված հանցագործություն էր, որն իր խորը ազդեցությունը թողեց եւ մենք մինչեւ հիմա այդ ազդեցության կրողներն ենք: Հայաստանում 1999թ. վերածնվեց այն հույսը, որ ամեն ինչ լավ է լինելու, պետականաշինությամբ ենք զբաղվլու, որովհետեւ առաջին անգամ ըստ էության ադմինիստրատիվ ուժային ռեսուրսը եւ ժողովուրդը մեկտեղվեցին, երկրում սկսվեցին քայլեր իրականացվել, որոնք պետք է առողջացնեին պետության եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը, եւ բարոյահոգեբանական ոլորտը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ այսօր լրանում է հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության 16-րդ տարելիցը: Խորհրդարանի նախագահը, պատգամավորներն ու 16 տարի առաջ սպանված քաղաքական գործիչների հարազատները ծաղիկներ դրեցին Հոկտեմբերի 27-ին նվիրված հուշարձանի մոտ:
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:
Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:





























