Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետի շինարարության ծրագիրն այժմ մոտենում է ավարտին։
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, հաշվի առնելով շինարարական աշխատանքների պատասխանատու փուլը, «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ղեկավար խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը շինհրապարակ է այցելել՝ անձամբ ծանոթանալու շինարարության ընթացքին: Նախարարը գնահատում է՝ կապիտալ շինարարությունն ավարտված է, սակայն անելիքներ դեռ կան` ներքին ու արտաքին հարդարման եւ այլ ուղղություններով: Շրջայցի ընթացքում ավարտական փուլին առնչվող ի հայտ եկած բոլոր խնդիրների եւ թերությունների հետ կապված Գագիկ Խաչատրյանը խորհրդակցություն է անցկացրել Բագրատաշենի մաքսակետում՝ պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների եւ շինարարաների մասնակցությամբ: Նախարարն ընդգծել է շինարարական աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող որակով ավարտին հասցնելու անհրաժեշտությունը` լիարժեք ապահովելու համար «մեկ պատուհան-մեկ կանգառ» սկզբունքի արդյունավետ կիրառումը սահմանահատման ժամանակ՝ բացառելով ընթացակարգերի կրկնությունը: Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Սամվել Սաֆարյանի տեղեկացմամբ` նախարարը մաքսատան ղեկավարությանը հանձնարարել է համատեղ քննարկում կազմակերպել անցակետում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումների հետ` ի մի բերել շինարարական թերացումներն ու քայլեր ձեռնարկել խնդիրների շտկման ուղղությամբ: «Նոր անցակետի առանձնահատկությունն այն է, որ սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցները կգործեն մեկ հարկի տակ. 10 հա տարածքում կանգուն են մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական եւ վարչական մասնաշենքերը, կինոլոգիական կենտրոնը, մուտքի եւ ելքի համար նախատեսված 4-ական ուղին եւ այլն: Բոլորը միտված նախեւառաջ՝ քաղաքացու հարմարավետությանը»,- ընդգծել է Սամվել Սաֆարյանը: Նախարարի մեկ այլ հանձնարարությամբ նոր մաքսակետի ուղեւորային անցուղում եւս կտեղադրվի «Ռապիսկան» սարքավորում, ինչի արդյունքում, ըստ մաքսատան պետի, քաղաքացիները զերծ կմնան կրկնակի զննում անցնելուց: Սահուն սահմանահատում՝ հաշված րոպեների ընթացքում. Բագրատաշենի արդիականացված անցակետը կներկայանա այցելուներին ժամանակակից տեսքով եւ համահունչ սպասարկմամբ:





























