Փախստականների ճամբարներում կատարված բազմաթիվ հրկիզումներից հետո Շվեդիայի միգրացիոն վարչությունը որոշել է գաղտնի պահել այդ ճամբարների հասցեները, գերատեսչության ներկայացուցիչ Միքայել Ռիբբենվիկի համապատասխան հայտարարությունը փոխանցել է Dagens Nyheter թերթը:
Նա ասել է, որ նոր միջոցառումների շնորհիվ միգրանտների ընդունելության կենտրոնների հասցեներն իմանալն անհնար կդառնա: Նաեւ ոստիկանները կուժեղացնեն փախստականների ճամբարների հսկողությունը: Հրդեհներ կազմակերպած անհայտ անձանց որոնումները շարունակվում են, հայտնում է Gazeta-ն:
Հիշեցնենք, որ Շվեդիայում՝ Սթոքհոլմից ոչ հեռու մի ճամբար էր հրկիզվել, որը նախատեսված էր փախստականներին ընդունելու համար:
Շվեդիայի իշխանությունները ծրագրում են վրանային քաղաքներ կառուցել փախստականների համար, որտեղ նրանք կկարողանան ձմեռել: Ծրագրվում է տեղավորել ընդամենը 35 հազար փախստականների, որոնք Շվեդիա են ժամանել 2015 թ. ընթացքում: Տվյալ որոշումը կայացվել է երկրում բնակելի շինությունների պակասի պատճառով:




























