Անհրաժեշտ է փոխել Հայաստանում անցկացվող տնտեսական քաղաքականությունը։ Այս մասին հոկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ ներկայիս պայմաններում 9 ամսվա տվյալներով պակասել են անգամ արտահանման եւ ներկրման ծավալները։ «Դա վկայում է քաղաքացիների ցածր վճարունակության մասին։ Մենք պետք է կարողանանք ներկրվող ապրանքները փոխարինել տեղական արտադրանքով։ 15 տարվա ընթացքում Հայաստանը ներկրել է 41 մլրդ դոլարի ապրանք եւ արտահանել 15 մլրդ դոլարի չափ արտադրանք։ Այսինքն՝ բացասական հաշվեկշիռը 15 տարում կազմել է 26 մլրդ դոլար»,- նշել է Սաֆարյանը։
Նա ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մարդուն աշխատանքով չի ապահովում։ «Այդ նախագծում պետք է լինի նորմ այն մասին, որ պետությունը, տնտեսական քաղաքականության արդյունավետությունից ելնելով, կձգտի աշխատանքով ապահովել յուրաքանչյուր քաղաքացու։ Այդ խնդիրը պետք է դրված լինի։ Կարծում եմ, որ երկրի ղեկավարությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այդ ուղղույամբ»,- եզրափակել է Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը։





























