Պարզ չէ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը Վոլոդյա Ավետիսյանի վաղակետ ազատման վերաբերյալ հոկտեմբերի 25-ին նիստ գումարել է, թե ոչ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի ընկեր, «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը:
«Չեմ հասկանում, թե դա ինչ կառույց է, այդպես էլ չկարողացանք ճշտել, նիստ գումարվել է, թե ոչ: Հանձնաժողովը պետք է աշխատի բաց ու թափանցիկ, մինչդեռ այս կառույցը գաղտնի ծառայության նման է աշխատում: Դրանց աշխատանքը բացարձակ անհասկանալի է»,-ասաց գագիկ Սարուխանյանը:
Հատկանշական է, որ ոչ միայն Վոլոդյա Ավետիսյանի ընկերներն ու հարազատները տեղյակ չեն անկախ հանձնաժողովը նիստ գումարել է, թե ոչ այլեւ ՔԿՎ-ում:
NEWS.am-ին ՔԿՎ մամուլի ծառայությունից միայն հայտնեցին, որ մինչգերատեսչական հանձնաժողովի որոշումն ուղարկվել է անկախ հանձնաժողովին եւ որոշումը պետք է անկախ հանձնաժողովը կայացնի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ի հետ զրույցում «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը տեղեկացրել էր, որ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը Վոլոդյա Ավետիսյանի վաղակետ ազատման վերաբերյալ հոկտեմբերի 25-ին նիստ կգումարի:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նույն հանձնաժողովը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատելու հայցը:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:
Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը:




























