Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՅԴ կենտրոնական շտաբն արդեն ունի մարզային հանդիպումների նախնական գրաֆիկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց շտաբի պետ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Շտաբի ներսում ձեւավորվել են մի քանի խմբեր, որոնք համակարգում են կազմակերպական, քարոզչական աշխատանքները, զբաղվում են քարոզչության հիմնադրամի գումարների խնդրով: Նոյեմբերի 1-ին սպասվում է հանդիպում մեր մարզային պատասխանատուների հետ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ մարզային հանդիպումների համար ստեղծվել է 5 խումբ: Սպասվում է, որ յուրաքանչյուր խումբ մարզային երկու հանդիպում է անցկացնելու: Ինչ վերաբերում է երեւանյան հանդիպումներին, ապա Աղվան Վարդանյանը հայտնեց, որ լինելու են հանդիպումներ մասնագիտական, աշխատանքային խմբերի հետ:
Հարցին, թե հնարավոր է մարզային հանդիպումները համակարգեն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ, որպեսզի միեւնույն օրը չհայտնվեն նույն մարզում, ՀՅԴ շտաբի պետը պատասխանեց. «Նման հարց չի քննարկվել: Մենք առանձին շտաբ ենք, աշխատելու ենք մեր խմբով»:
Աղվան Վարդանյանը նշեց նաեւ, որ մայրաքաղաքում նույնպես միասնական հանդիպում ծրագրված չէ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ արդեն ձեւավորվել են «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբներ: Փոփոխություններին կողմ արտահայտվող ՀՀԿ, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ստեղծել են առանձին շտաբներ:





























