Սահմանադրական փոփոխությունների նախագծին կողմ քվեարկած պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կուսակիցները չեն մասնակցի «Այո»-ի քարոզարշավին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:
«Մենք համոզված ենք, որ մեր կողմնակիցների մեծամասնությունը «Այո»է ասելու, բայց ինքներս չենք մասնակցելու, որովհետեւ գտնում ենք, որ մարդիկ շատ հեշտ կարող են կողմնորոշվել»,- նշեց Զուրաբյանը:
Հարցին, թե իշխանության հետ նույնացվելուց են խուսափո՞ւմ, Զուրաբյանը պատասխանեց. «Հնարավոր էլ չի նույնացնել, որովհետեւ մենք կոնկրետ համակարծիք ենք սահմանադրական փոփոխությունների հացում, բայց բազմաթիվ հարցերում մեր մոտեցումները տարբեր են»:
Դիտարկմանը, թե այս օրերին քննարկվող հնարավոր ընտրակեղծիքների հարցը որքանով է մտահոգում իրենց` հաշվի առնելով, որ ընտրական գործընթացներում իշխանության հաղթանակը իրենք մշտապես պայմանավորել են ընտրակեղծիքների գործոնով, Զուրաբյանը պատասխանեց. «Ցանկացած պարագայում, ինչքան էլ ցանկալի լինի Սահմանադրական փոփոխությունների անցնելը, եթե դրանք պիտի ուղեկցվեն կեղծիքներով, ապա ավելի լավ է չանցնեն: Պրոցեսը պետք է շատ թափանցիկ լինի, քարոզարշավ անցկացնողները այնքան ճիշտ մոտեցումներ դրսեւորեն, որպեսզի կարողանան մարդկանց համոզել ու ստանալ 650-700 հազար ձայնը: Կարծում եմ` բարդ չի, եւ կարիք չկա դիմելու կեղծիքների»:





























