Ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարին սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը պնդում է, որ գործով մեղադրյալ Վարազդատ Սաֆարյանն անմիջական կապ ունի իր որդու սպանության հետ:

«Վարազդատի փաստաբանը երեւի գործի նյութերին ծանոթ չէ, որ հայտարարում է, թե իր պաշտպանյալը կապ չունի Հայկազի սպանության հետ: Ես գործին ծանոթ եմ, Վարազդատի անունն ի սկզբանե գրվում է: Եթե գործին ծանոթ չես, ինչի՞ ես էդպիսի հայտարարություններ անում: Թող ծանոթանա, թե իր Վարազդատն ինչքան երեխա է անտեղի ծեծել, վկաների կողմից ներկայացվում է որպես դաժան արարած: 4-ը քիչ էին, 1-ն էլ ավելացավ, լրիվ անմեղ են, չգիտենք` էդ երեխան ոնց սպանվեց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը` անդրադառնալով Սաֆարյանի փաստաբանի հայտարարությանը, թե իր պաշտպանյալը կապ չունի կուրսանտի սպանության հետ:

Հայկազ Բարսեղյանի հոր խոսքով` Վարազդատ Սաֆարյանը մասնակցել է իր որդուն ծեծի ենթարկելուն:

«Վարազդատը մասնակցել է ծեծին, դեպքի օրը` ցերեկը, ինքը մոտեցել է Հայկազին, հայհոյախառն հարց է տվել` ինչի՞ իրար հետ յոլա չեք գնում, Վաչեն ասել է` քո գործը չի, էս հարցը ես կլուծեմ: Երբ Հայկազը գալիս է ննջարան, վկաների խոսքով`կաղում էր, ու մտնելուց ասում է` էս անասուններն ի՞նչ արեցին իմ հետ ու հայհոյում է, թե ով է հասցնում հայհոյանքը դրանց չգիտեմ, 15 րոպե հետո էդ 4-ը մտնում են սեյնակ, սկսում ծեծել, դանակով խփել, իսկ Վարազդատը դրսում աթանդա է կանգնում, որ մարդ գա, խաբար անի»,-պատմեց Արկադի Բարսեղյանը:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանը 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածները,  ծեծի են ենթարկել Մանասերյանին: Բացի դրանից՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: