«Չե՛ք անցկացի» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երեւանի կենտրոնական փողոցներում հոկտեմբերի 30-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող ակցիա է իրականացրել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ ակցիայի ընթացքում քաղաքացիներին բաժանվել են հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ, թերթեր:
«Տպավորված ենք, գոհ ենք ակցիայի արդյունքից, խնդիրը մարդկանց իրազեկելն էր, քաղաքացիները գոհունակությամբ վերցնում էին թռուցիկները, հետաքրքրված կարդում դրանք: կարծում եմ, որ ակցիան ստացված էր»,-ասաց նախաձեռնության անդամը:
Նշենք, որ ««Ոչ»-ի ճակատը Երեւանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 2-ին ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանրահավաք էր անցկացրել:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին։ Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:





























