Հայաստանում խաղաղ ճանապարհով իշխանափոխության հասնել հնարավոր է միայն այս տարի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը` նշելով,  որ եթե Հայաստանում հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխությունների նախագիծն անցնի` իշխանափոխություն անելը գնալով կդժվարանա:

«Չարեփոխումները, եթե անցնեն, մենք կունենանք որոշակի խնդիրներ, սահամանփակումներ կապված մարդու իրավունքների հետ եւ եթե թողնենք, որ այս ռեժիմն ամրապնդի իր դիրքերը, գնալով կդժվարանա իշխանափոխության հարցը: Իմ կարծիքով միայն այս տարվա ընթացքում է հնարավոր այս ռեժիմին իշխաննությունից հեռացնելը»,-ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Ըստ Դավիթ Հովհաննիսյանի` հայ հասրակության անտարբերությունը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ուժերի հանդեպ կապված է որոշ ընդդիմադիր ուժերիգործելաոճի հետ, որոնք միայն հայտարարություններ են անում` գործելու փոխարեն:

«Ժողովրդի անտարբերության պատճառները շատ են, ժողովրդի մեջ կա որոշակի մոլորություն տարբեր ճակատների, նախաձեռնությունների ու կուսակցությունների հետ կապված: Ինչու չեն  միավորվում, միասին չեն պայքարում, ինձ թվում է, որ հիմնական պատճառը դա է: Այսօր Հայաստանում ինչ-որ բան փոխելու համար պետք է դուրս գալ փողոց եւ պայքարել, օֆիսներում, տներում նստելով մեր երկրում ոչինչ չի փոխվի: Մենք միավորվում ենք այն ուժի հետ, որը ոչ միայն հայտարարություններ է անում, այլեւ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ ժողովրդի հետ միասին գնում է դեպի իշխանափոխություն»,-ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստանը» Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հասնելու ծրագրի շրջանակում պահանջում է Ազգային Ժողովից ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, հրապարակել 2012թ. եւ 2013թ. համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակա քաղաքացիների ցուցակը, հրապարակել 2012թ.-ից ի վեր կառավարության կատարած բոլոր ծախսերի մասին մանրամասն տեղեկություններ: