Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հունիսի 30-ին ամուսնու կողմից ծանր հրազենային վնասվածք ստացած ծննդկան Միլեննա Ասատրյանը շարունակում է բուժում ստանալ, թեեւ հիվանդանոցից դուրս է գրվել օգոստոսի 3-ին:

Գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած 27-ամյա Միլեննայի մոտ հետվիրահատական դժվարություններ են առաջացել, նա պարբերաբար հետազոտվում է «Արմենիա» ԲԿ-ում: Ինչպես ծնողները են նշում, ողբերգական դեպքից 4 ամիս է անցել, սակայն Միլեննան ընդամենը օրեր առաջ է սկսել քայլել եւ խնամել փոքրիկին: Թե ինչ է տեղի ունեցել հունիսի 30-ից առաջ եւ ինչու է ամուսինը նման քայլի դիմել, Միլեննան այդ մասին խոսել չի ցանկանում:

«Դեռ չեմ վերականգնվել, պատրաստ չեմ դեպքի մասին խոսել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միլեննան:

Նշենք, որ Միլեննան եւ փոքրիկն այժմ ապրում են Արարատի մարզի Դվին գյուղում Միլեննայի ծնողների մոտ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին Հայկ Վ.-ն եկել էր հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: