Երեւանի կենդանաբանական այգում երեկ՝ հոկտեմբերի 29-ին, առյուծի հարձակումից տուժած Վարդան Գրիգորյանն արդեն 6-7 տարի է՝ աշխատում եւ խնամում է առյուծներին: Այս մասին NEWS.am-ին ասաց Վարդանի մայրը՝ Գոհար Գրիգորյանը:

«Առյուծների հետ ընկերացել էր, տանը միշտ ժպիտով էր պատմում առյուծների մասին, թե ինչքան բարի ու լավ կենդանիներ են: Այգու տնօրենը որդուս տեղափոխել էր թռչուններին խնամելու, բայց առյուծներին այնքան էր սիրում, որ շարունակում էր կերակրել առյուծներին»,- ասաց տիկին Գոհարը:

Գրիգորյանները համոզված են, որ առյուծը Վարդանին ճանաչել է, սակայն նախօրեին բնազդաբար է վնասել Վարդանին: Տիկին Գոհարը կարծում է, որ առյուծին որդու թեեւը միս է թվացել. «Առյուծը բռնել է թեւից եւ այդպես մնացել, էլ չի շարժվել: Հաստատ չի ուզեցել վնասել որդուս, ուղղակի դեպք է, պատահել է: Փառք Աստծո, կյանքին վտանգ չի սպառնում»:

Դեպքի մասին Վարդանի ծնողներին հայտնել են ժամը 17:00-ի սահմաններում: Երբ նրանք հասել են Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Վարդանի վիրահատությունն արդեն սկսած են եղել: Տիկին Գոհարը գոհ է կենդանաբանական այգու եւ հիվանդանոցի աշխատակազմից:

«Մենք 30 րոպեում հասանք հիվանդանոց, վիրահատությունն արդեն սկսել էին, 4.5 ժամ տեւած վիրահատությունից հետո մեզ ասացին, որ թեեւը կարողացել են փրկել, սնուցում կա: Որդուս էլ եմ տեսել, լավ էր համեմատաբար»,- ասաց տիկին Գոհարը:

Վարդանն այժմ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Հերթապահ ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վարդանի վիճակը ծանր է, սակայն կայուն:

«Հիվանդը մեզ մոտ է տեղափոխվել երեկ ժամը 15:30-ի սահմաններում, ընդունարանում 10-15 րոպե հետազոտելուց հետո ախտորոշվել է ձախ բազկի պառտվածքներով արյունահոսող վերքեր, ոսկորները վնասված չեն եղել: Տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք, ապա վիրահատարան եւ սկսել վիրահատությունը, որը տեւել է 3.5-4 ժամ: Վիրահատությունն իրականացրել են անոթաբանն ու պլաստիկ վիրաբույժները: Ինչ հնարավոր է եղել, առաջին վիրահատությամբ վերականգնել ենք, հետագայում նույնպես վիրահատություններ են սպասվում»,- ասաց Հայկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ առաջին վիրահատության նպատակը վերջույթը պահպանելն էր, որը կատարվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 29-ին Երեւանի կենդանաբանական այգում առյուծը հարձակվել է աշխատակից Վարդան Գրիգորյանի վրա: Վերջինս ձախ ձեռքի վնասվածք է ստացել առյուծի կողմից հարձակման ենթարկվելու հետեւանքով: