Մենք դեռ չենք սկսել հանրաքվեի հետ կապված քարոզչական արշավը, իսկ ընդդիմությունն արդեն հայտարարում է, որ արդյունքները կեղծվելու են: Այդ մասին հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցի ընթացքում ասել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով վարչական ռեսուրսն օգտագործելու վերաբերյալ ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներինն:
Բաղդասարյանի կարծիքով, ընդդիմությունը նախապես հանդես է գալիս նման հայտարարություններով, որպեսզի հող նախապատրաստի իր հետագա գործողությունների համար:
«Ի՞նչ վարչական ռեսուրսի մասին է խոսքը, եթե մենք ընդամենը նիստ ենք հրավիրել, իսկ քարոզչական արշավը սկսելու ենք նոյեմբերի 1-ին: Եվ պետք չէ առաջ ընկնել նման` իրականության չհամապատասխանող հայտարարություններ անելով», -ասել է իշխող կուսակցության ներկայացուցիչը: Նա հավելել է, որ ընդդիմությունը ցանկացած հնարքի կդիմի իր գործողություններն ու հայտարարություններն արդարացնելու համար:





























