ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որեւէ մանդատ չունեն` հայտարարելու, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը, հետեւաբար սխալ է հայկական կողմի պահանջը` հրապարակելու խախտողի անունը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով համանախագահների տարածաշրջան կատարած եռօրյա այցին եւ մոնիթորինգի ժամանակ հնչած կրակոցին:
«Հայկական կողմի դժգոհությունը հասկանալի է, սակայն պետք չէ մոռանալ երկու բան. մոնիթորինգը խնդիր չունի որոշելու, թե խախտումները որ կողմից են, այդ մանդատը նրանք չունեն: Համանախագահները որոշում են` կա կրակոց, թե չկա, կա խախտում, թե չկա: Երկրորդ, Հայաստանը դժգոհելուց առաջ պետք է դեմ գնա ՌԴ-ի` Ադրբեջանին զենք վաճառելու փաստին: Եթե աչքերը փակում է, ապա պետք է բարի լինի եւ լռի»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով` համանախագահների եռօրյա այցը երեք կարեւորագույն կետ ունի. Համանախագահներն այցելեցին երեք մայրաքաղաք, այցելեցին տարածաշրջան սեպտեմբերյան աննախադեպ սահմանային լարվածությունից հետո, ԼՂՀ-ից Ադրբեջան անցում կատարելիս հնչեց կրակոց:
«Կրակոցին հետեւեց հայտարարություն, որ մինչեւ տարվա վերջ նախատեսվում է նախագահների հանդիպում; Ըստ իս, այդ հանդիպումը լինելու է Հայաստանի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 26-28-ը այցելել էին տարածաշրջան:




























