Ադրբեջանի քայլերն այսքան լկտի չէին լինի, եթե Ռուսաստանի Դաշնությունը մեծ քանակությամբ զենք չվաճառեր նրանց: Այսօր` հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՀԱՊԿ-ի գործելաոճը սահմանային լարվածությունների խնդրի առնչությամբ:

«Սեպտեմբերյան լարվածության ժամանակ Լավրովը Բաքվում էր, սակայն որեւէ հայտարարություն չարեց: Նույն այդ ժամանակահատվածում մենք չլսեցինք որեւէ զսպող հայտարարություն Ռուսաստանի կողմից, իսկ ՀԱՊԿ-ի ուշացած հայտարարությունն էլ ցինիկ էր: Սա առավելագույնն է, որ մենք կարող ենք ակնկալել մեր դաշնակիցներից»,- ասաց նա:

Մեհրաբյանի խոսքով` այսքանից հետո Հայաստանի իշխանությունները պետք է հետեւություններ անեին եւ քայլեր ձեռնարկեին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին լարված իրավիճակ էր հայ-ադրբեջանական սահմանին: 1994թ. -ի վեր առաջին անգամ ադրբեջանական կողմն օգտագործել է հրետանի: Սեպտեմբերյան լարվածոթւյան հետեւանքով հայկական կողմն ուներ զոհեր եւ վիրավորներ: