ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթին ժամանակին մեղադրում էին Թուրքիայի կառավարությունից կաշառք ստանալու մեջ։ Այս մասին Իլինոյսի ռադիոյին տված հարցազրույցում ասել է Չիկագոյի Ջոն Մարշալի անվան իրավունքի դպրոցի պրոֆեսոր Էն Լուզինը։

Պրոֆեսորի խոսքով՝ Հասթերթը ժամանակին «մաքուր հեղինակություն» ուներ, բայց նրա կարիերայում եղել են նաեւ տարբեր հակասական պահեր, ինչպես օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը «տապալելու» համար Թուրքիայի կառավարությունից կաշառք ստանալու մեղադրանքներ։

Էն Լուզինը ենթադրում է, որ Հասթերթը կկարողանա խուսափել բանտարկությունից, սակայն նրան դժվար թե նորից դիմեն օգնության համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Հասթերթը խոստովանել էր, որ ինքը խաբել էր ՀԴԲ-ին 3.5 մլն դոլարի չափով գումարը թաքցնելու համար, որոնք ինքը վճարել էր Իլինոյսի նահանգի մի բնակչին որպես իրավախախտումը թաքցնելու փոխհատուցում։ Հասթերթին սպառնում է 6 տարվա ազատազրկում։