Կուբաթլիի N զորամասից Մուրացանի զինվորական հոսպիտալ տեղափոխված  զինծառայող Վարուժան Դավթյանը դեռեւս անգիտակից վիճակում է:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության  կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը: Բժշկի խոսքով՝ հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, կյանքին սպառնացող վտանգներ դեռեւս կան: «Բայց այն, որ հիվանդի վիճակը դեպի վատը չի գնում, դա արդեն իսկ հուսադրող է: Նա այժմ դեղորայքային սեդացիայի տակ է (դեղորայքի ազդեցության տակ հիվանդին քնած են պահում): Դեռ թույլ չենք տալիս, որ ակտիվանա գիտակցությունը, քանի որ դա ավելի շատ կխանգարի բուժման պրոցեսին»,-ասաց Միքայելյանը:

 Հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ զինծառայողը որովայնահատում է տարել՝ վիրահատել են նրա կույրաղիքը:

Նկատենք, որ Վարուժանի մայրը «Առավոտ» օրաթերթին հայտնել էր, թե  որդու «թոքերը չեն աշխատում, երիկամները չեն աշխատում, ոչ մի բան չի աշխատում»: Ինչ վերաբերում է նրա որովայնի վրա առկա բաց վերքին, ապա դա, բժշկի խոսքով, վիրահատությունից առաջացած սպի է: Միքայել Միքայելյանն ասաց նաեւ, որ  հիվանդը շարունակում է բուժում ստանալ եւ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: «Ես որպես բժիշկ, հույսս չեմ կտրում, սակայն պետք է շարունակենք պայքարել, քանի որ հիվանդը կարող  է մեզ սյուրպրիզներ մատուցել»,-ասաց նա:  

Հիշեցնենք, որ Վարուժան Դավթյանը պաշտպանության նախարարության Կուբաթլիի N զորամասից անգիտակից վիճակում  օգոստոսի 23-ին տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ է: Նա զորակոչվել է Շիրակի մարզի Լեռնապատ գյուղից: Վարուժանը բարեխիղճ ծառայության համար արժանացել է մի շարք շնորհակալագրերի: