Վայոց Ձորի Վերնաշեն համայնքի բնակչուհի, 76-ամյա Գահեր Բարսեղյանի սպանությունը ցնցել է գյուղացիներին:

NEWS.am-ի թղթակցին գյուղապետարանից հայտնեցին, որ տարեց կինը բնակվում էր որդու ընտանիքի հետ, այս տարիների ընթացքում ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել:

«Մենք էլ ենք զարմացած, չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել: Ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել»,- ասացին գյուղապետարանից:

Ըստ Քննչական կոմիտեի՝ հոկտեմբերի 24-ին երեկոյան Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 76-ամյա Գոհար Բարսեղյանի դին:

Դիակի արտաքին զննությամբ՝ գլխի հատվածում հայտնաբերվել է բաց, բութ, գանգուղեղային վնասվածք, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գյուղատնտեսական օգտագործման բահ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր։ Դատաբժշկի կողմից ներկայացված մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվան պատճառը գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է, ինչը հետևանք է նշված գանգուղեղային վնասվածքի։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):