Եվրասիական տնտեսական միության շրջանակում ռոումինգի գները մոտ ժամանակներս յոթ անգամ կնվազեն։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնային հակամենիշխանական ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը, տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը։ 

2015-ի հունիսին Արտեմեւը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիների համար ռոումինգի գները պիտի առնվազն երկու անգամ նվազեցվեն։ 

Մայիսի վերջին հաղորդվել էր, որ ԴՀԾ-ն ռուսական բջջային օպերատորներին նամակներ է ուղարկել՝ խնդրելով իրենց  ռոումինգային օպերատորներին առաջարկներ ներկայացնել փոխհաշվարկների դրույքների վերաբերյալ, որոնց չափից մեծ մասամբ կախված է բաժանորդների համար ծառայության արժեքը։   ԴՀԾ-ի կարծիքով, ռոումինգի սակագները չպետք է զգալիորեն տարբերվեն Ռուսաստանում ժամանակավորապես բնակվող բաժանորդների համար կապի գներից։ 

Ռոումինգի գների իջեցման հարցը քննարկվել է նաեւ միջազգային աշխատանքային խմբի մակարդակում, որը ձեւավորվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախաձեռնությամբ։ Այդ խմբի մեջ են մտել ԵԱՏՄ  եւ ԱՊՀ անդամ երկրները։  Ավելի վաղ ենթադրվում էր, որ ռուսական եւ արտասահմանյան օպերատորները 2016-ի մարտին կորոշեն միջազգային ռոումինգի սակագնային նոր պայմանները։ 

2014-ի հուլիսին Եվրամիությունում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնց համապատասխան ԵՄ-ի բնակիչների համար բջջային ծառայությունների  ռոումինգի արժեքը զգալիորեն նվազել է։ Այսպես, սովորական զանգերն ու հաղորդագրությունները էժանացել են  20 տոկոսով, իսկ տվյալների բջջային եղանակով փոխանցումն ու մուտքը համացանց՝ 55 տոկոսով։