Երեւանի Կենդանաբանական այգում հոկտեմբերի 29-ին առյուծի կողմից հարձակման ենթարկված՝ գիշատիչներին խնամող 35-ամյա Վարդան Գրիգորյանին հնարավոր է այսօր տեղափոխեն հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժած աշխատակցի մայրը՝ Գոհար Գրիգորյանը:
«Բժիշկներն ինձ ասել են, որ եթե այսօր էլ անոթային կանգ չլինի, որդուս կտեղափոխեն հիվանդասենյակ»,- ասաց տիկին Գոհարը:
Նա պատմեց, որ նախօրեին զրուցել է որդու հետ, որը դեպքից մանրամասներ է հայտնել:
«Վարդանն ինձ ասաց, որ շտապել է դասի, առյուծին կերակրել է, որից հետո երկաթե ձողով պահել է առյուծին եւ ձեռքը մտցրել ներս՝ ոսկորը հանելու, հենց այդ պահին էլ առյուծը բռնել է բազուկը»,- ասաց տիկին Գոհարը:
Նշենք, որ Վարդան Գրիգորյանն այժմ բուժում է ստանում Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, որտեղ վիրահատվել է, նրա վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ձախ բազկի պատռվածքներով։





























