Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան հոկտեմբերի 30-ի երեկոյան Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Գեորգի Նազարովին պաշտոնական բողոքի նոտա է փոխանցել, հաղորդում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Վրացական կողմը դժգոհություն է հայտնել Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունների առթիվ՝ նշելով, որ այդտեղ «կան մարտահրավերներ, որոնք անվտանգությանն ու կայունությանը սպառնալիք են ներկայացնում»:
«Նշվել է, որ նման հայտարարությունները միջամտություն են Վրաստանի ներքին գործերին, ինչն անընդունելի է եւ չի համապատասխանում Վրաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամության ու համագործակցության ոգուն»,-ասված է ԱԳՆ հաղորդագրությունում, փոխանցում է ՈՒՆՆ-ն:
Վրացական կողմը Կիեւից համապատասխան արձագանքի է սպասում այդ հայտարարությունների առթիվ եւ հավաստիացում, որ «նման փաստեր այլեւս չեն կրկնվի»:
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին, համացանցում հայտնվել են Սահակաշվիլիի հետ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի եւ Վրաստանի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Գիգա Բոկերիայի հեռախոսազրույցների ձայնագրությունները, որտեղ խոսվում է հեռուստաալիքի շուրջ տեղի ունեցող գործընթացների ուժային զարգացման մասին:
Սահակաշվիլին ձայնագրությունները հրապարակելու մեջ մեղադրել է ռուսական հատուկ ծառայություններին:





























