Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում սկսվում է ապօրինի հայ-թուրքական սահմանը հատած՝ Թուրքիայի քաղաքացի Քերեմ Եթգինիի դատավարությունը:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Եթգենին հուլիսի 15-ին Թուրքիայի Հանրապետության տարածքից հասել է հայ-թուրքական պետական սահման եւ Արարատի մարզի Եղեգնավան համայնքի վարչական տարածքով, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, հատել է պետական սահմանը: Նույն օրը սակայն նրան հայտնաբերել են ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի զինծառայողները:

23-ամյա Քերեմ Եթգինիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Դատաքննությունը կընթանա Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում: