Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուները ավելի քան 515,4 մլրդ դրամ են մուծել պետբյուջե: Դա 11,2 մլրդ դրամով (կամ` համեստ 2,2%-ով) ավել է, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
Նշենք, որ նույն ժամանակաշրջանում երկրի այլ հարկատուների մի ամբողջ բանակ ճիշտ հակառակ արդյունքներն է արձանագրել: Տրամաբանական աճի փոխարեն, նրանց մուծած հարկերի ընդհանուր գումարը կրճատվել է 2,1 մլրդ դրամով: Դրա հետեւանքով հարկային եկամտի ընդհանուր տեմպը դանդաղել է մինչեւ 1,2%:
«Խոշոր» հարկատուների շնորհիվ պետբյուջեի եկամուտը աճել է 0,7 տոկոսային կետով` հասնելով 65,5%-ի: Այսինքն հարկերի գրեթե երկու երրորդը ապահովել են հենց հազար «խոշորագույնները»:
Բայց վաղուց արդեն նշվել էր, որ «1000 խոշորագույններ» ձեւակերպումը պայմանական բնույթ է կրում: Ընկերությունների հարկերի (հետեւաբար`եկամուտների) միջեւ հսկայական տարբերություն կա: Դա ակնառու երեւում է ստորոբերյալ գրաֆիկում, որում ներկայացված են տասը խմբի մասնաբաժինները (ամեն մեկից` 100 ընկերություն) «խոշորագույնների» վճարած ընդհանուր գումարի մեջ:
Նշենք, որ «խոշորագույնների» առաջին հարյուրյակի մասնաբաժինը հաշվետու տարում կազմել է 63,7%: Այսինքն մնացած 900 ընկերություններն ապահովել են հարկերի մոտ մեկ երրորդը: Իհարկե, կարելի է միայն ողջունել խոշոր ընկերությունների առկայությունը, եթե դա չի խոչընդոտում մրցակցությանը: Խնդիրը սոսկ այն է, որ ուրիշների շրջանառությունը չափից ավելի փոքր է եւ «խոշորագույնների» համեմատ ուղղակի «թշվառ» է թվում:
Հասկանալի է, որ տեղական շուկայի տարողունակությունը սահմանափակ է: Դրա համար էլ ներկայումս գործող արտադրության ծավալների կտրուկ աճը հնարավոր է միայն արտահանման շնորհիվ: Մենք արտաքին շուկա բավականին հաջող ներխուժման օրինակ ունենք:
«Խոշորագույնների» առաջին տասնյակում «Գրանդ Տոբակո» ԲԲԸ-ն է իր համեմատաբար թարմ արտահանումային պատմությամբ (1998-ից սկսած): Այդ ժամանակ ծխախոտի արտահանումը սկսվել էր փոքր խմբաքանակներից, բայց վերջին տարիներին շոշափելիորեն աճել է: Արդյունքում ծխախոտը հայտնվել է ամենախոշոր ծավալով արտահանվող ապրանքների ցուցակում: Այսպես` ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին այդ ապրանքները վերոհիշյալ վարկանիշային աղյուսակում պատվաբեր երկրորդ տեղն են գրավել:






























