Արարատի մարզի Ոստան համայնքում արդեն մի քանի ամիս է՝ «Հուսո առագաստ» բարեգործական կազմակերպությունը բնակիչներին տնտեսական ապրանքներ է բաժանում, որի դիմաց 5 հազար դրամ եւ անձնագրի տվյալներ է վերցնում:

«Գյուղի բնակիչներից մեկը Սերինե անունով խոստացել է մեկ տարվա ընթացքում իրենց 8 անգամ ամանի եւ ապակի լվանալու հեղուկ, զուգարանի թուղթ բաժանի: Առաջին անգամ բնակիչներից 5 հազար դրամ են վերցնում, բացի դրանից անձնագրի տվյալներն են վերցնում, որ ամեն անգամ նույն մարդկանց բաժանի այդ մաքրող միջոցները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստանի գյուղապետ Հակոբ Խաչատրյանը:

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ բարեգործական կազմակերպությունն Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» միավորման անդամ է: «Հայկական վերածննդից» մեզ հետ զրույցում հաստատեցին, որ կազմակերպությունն իրենց անդամագրվել է ամիսներ առաջ:

«Մենք բազմիցս ասել էինք, որ մեր դռները բաց են բոլոր կազմակերպությունների առջեւ: «Հուսո առագաստ» կազմակերպությունն էլ անդամագրվեց մեզ իրենց իսկ ցանկությամբ: Սակայն հետագայում նկատեցինք որոշակի հանգամանքներ, որոնց արդյունքում «Հայկական վերածնունդի» կառավարման խորհուրդը «Հուսո առագաստին» հեռացրեց իր շարքերից: Այս որոշումից անցել է մոտ 2.5 ամիս»,- ասաց միավորման մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը:

Ոստան համայնքում բարեգործությամբ զբաղվող Սերինեն նույնպես պնդեց, որ իրենք որեւէ կուսակցության չեն պատկանում:

«Մենք բարեգործությամբ ենք զբաղվում, անապահով ընտանիքներին օգնություն ենք բաժանում: Լուրերը, թե նախընտրական քարոզչություն ենք իրականացնում, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Սերինեն:

NEWS.am-ի թղթակիցն այցելեց նաեւ «Հուսո առագաստ» բարեգործական կազմակերպություն, որի գործադիր տնօրեն Քրիստինե Մանուկյանը վստահեցրեց, որ իրենք բացառապես բարեգործությամբ են զբաղվում:

«Մենք արդեն 2-3 ամիս է՝ օգնություն ենք բաժանում Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներին: Անձը վճարում է 5 հազար դրամ, որի դիմաց ստանում է ժավելի սպիրտ, ամանի հեղուկ, ապակի լվանալու միջոց, զուգարանի թուղթ: Այս օգնությունը մենք տրամադրում ենք մի քանի անգամ: Ամբողջ օգնությունն ինքներս են արտադրում, մեր ուժերով»,- ասաց Քրիստինե Մանուկյանը:

«Հուսո առագաստ» կազմակերպության հիմնադիրներն են Գոհար Հայրապետյանը եւ Գեւորգ Կոշկերյանը, որը ըստ մամուլի նախկինում 17 տարվա ազատազրկման է դատապարտված եղել՝ խմբակային բռնաբարության եւ սպանության մասնակցության համար: Քրիստինե Մանուկյանի խոսքով՝ Կոշկերյանն իսկապես նախկինում դատապարտված է եղել, սակայն ոչ նման մեղադրանքով:

«Գեւորգ Կոշկերյանի անձնական կյանքն է: Կարեւորն այն է, որ մարդը կալանավայրից դուրս գալուց հետո սկսել է բարեգործությամբ զբաղվել, բազմաթիվ մարդկանց ենք օգնում տարբեր հարցերով»,- ասաց Քրիստինե Մանուկյանը:

Նա նույնպես հերքեց լուրերը, թե որեւէ կուսակցության անդամ են եղել: Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդի» անդամ լինելուն, Քրիստինե Մանուկյանը հայտնեց, որ ընդամենը մի անգամ են իրենց դիմել:

«Մենք ընդամենը մի քանի ժողովի ենք գնացել: Դրանից հետո մենք անապահով ընտանիքների երեխաների ուղարկել էինք ամառային ճամբար, դիմեցինք «Հայկական վերածնունդին», որ օգնեն երեխաների սնունդի հարցով: Չօգնեցին, այդպես մեր կապն ընդհատվեց»,- նշեց Քրիստինե Մանուկյանը: