Երեւանում, այսօրվանից՝ նոյեմբերի 2-ից, բոլոր վարչական շրջաններում սկսվել են ագրոպահանջներին համապատասխան ծառերի աշնանային էտի աշխատանքները. նախատեսված է շուրջ 17000 ծառերի սանիտարական էտ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մայրաքաղաքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքների իրականացման մասին նախապես իրազեկել հանրությանը: «Նախապես իրազեկեք ոչ միայն աշնանային էտի, այլ նաեւ տապալման վտանգ ներկայացնող ծառերի   հատման աշխատանքերի վերաբերյալ, որպեսզի տվյալ աշխատանքների հետ կապված հանրության շրջանում անհարկի մտահոգություններ չառաջանան:

Բացի այդ, վթարավտանգ ծառերի հատումն իրականացնելուց անմիջապես հետո տեղում կազմակերպեք ծառատունկը, որպեսզի այլեւայլ ասեկոսեների տարածման տեղիք չտաք, ինչպիսին ունեցանք նախորդ շաբաթ: Այս հարցում եղեք խիստ հետեւողական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: