Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում հայ տղաների վրա կրակած խումբն ավելի վատն է, քան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է սպանված 35-ամյա Արթուր Սարգսյանի հայրը՝ Համլետ Սարգսյանը։

Ավագ որդուն կորցրած Համլետ Սարգսյանի խոսքով՝ նորմալ մարդը նման բան երբեք չէր անի։ «Նրանք կամ թմրանյութի ազդեցության տակ են եղել կամ էլ չգիտեմ, թե ինչ։ Նման բաներ միայն հեռուստացույցով են ցույց տալիս։ Իրավապահ մարմիններում մեզ ասել են, որ պետք է հայտարարություն գրենք։ Բայց ի՞նչ հայտարարություն։ Չէ՞ որ սպանություն է եղել։ Երկուսին բռնել են, բայց եթե բողոք չկա, պիտի ազա՞տ արձակեն։ Ի՞նչ է սա։ Մարդկանց ձերբակալել են, բայց հիմա ուզում են ազատել, քանի որ դիմում չկա։ Մենք վշտի մեջ ենք, տղայիս ենք թաղել, պետք է թողնեինք ամեն բան եւ գնայինք դիմու՞մ գրեինք։ Ի՞նչ ամենաթողություն է։ Երբ կրտսեր տղաս գնաց եւ տեսավ, որ եղբորը սպանել են, նրան Ոստիկանությունը տարավ եւ 12 ժամ պահեց։ Այդ ընթացքում նրանք կարող էին համապատասխան միջոցներ ձեռնարկել եւ բոլորին բռնել։

Իսկ հիմա ասում են, որ նրանք փախել են։ Նշանակում է, որ դա Ոստիկանությունն է կազմակերպել»,- ասել է Համլետ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ինքը պահանջելու է, որպեսզի Մոսկվայից կոնկրետ մարդիկ գան եւ զբաղվեն այդ հարցով, քանի որ Բաշկիրիայում ոչ ոք դրանով չի զբաղվում։ «Սա կարեւոր ազգային հարց է։ Իրենց մարդը լիներ, հիմա վաղուց բոլոր հայերին դուրս էին հանել»,- նշել է սպանված հայի հայրը։

Արթուր Սարգսյանն ուներ կին եւ 2 դուստր՝ 6 ու 7 տարեկան։ «Ես ինքս հիվանդ մարդ եմ, երեկ ինձ պետք է վիրահատեին։ Բայց ես ամեն բան թողեցի, եկա որդուս թաղմանը։ Ողջ Սալավաթը ողբում էր նրա մահը։ Թե ինչ մարդիկ են եղել, ես չգիտեմ»,- հավելել է Համլետ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 29-ին Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում։ Անհայտ անձանց մի խումբ մտել էր Սարգսյաններին պատկանող ավտոսերվիս եւ կրակել 7 հոգու վրա։ Ավտոսերվիսի տերը՝ Արթուր Սարգսյանը, հիվանդանոցում ստացած վնասվածքներից մահացել էր։