Վանաձորցիներն ահազանգում են, որ քաղաքի զինվորական պանթեոնից գողություն է կատարվում: 2014թ. օգոստոսին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս զոհված վանաձորցի Զորիկ Գեւորգյանի քույրը՝ Անի Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ իր եղբոր շիրիմից ծաղիկներ են գողացել, մեկ ուրիշի շիրիմից՝ գորգ:

«4 օր առաջ գնացինք նախորդ տարի Արցախում մահացած Տիգրան Սիմոնյանի շիրիմին, որ ծաղիկներ տանենք, տեսանք, որ գերեզմանի գորգը չկար, տարել էին: Նախքան այդ էլ Զորիկիս գերեզմանին էինք, նախորդ օրվա մեր տարած արհեստական ծաղիկները չկային, գորգի ծայրն էլ ծռված էր, երեւի փորձել էին պոկել: Հետո իմացանք, որ բոլորի դեպքում է էդպես, ծաղիկները տանում են, որոշ ժամանակ հետո անհետանում են: Մեր ամոթն է դա, ինչո՞ւ պիտի գերեմանոցի ծաղիկներ տանեն»,- ասաց Անի Գեւորգյանը:

Անի Գեւորգյանը նշեց, որ բացի այդ՝ տարածքն աղտոտված է. մարդիկ աղբը նետում են աղբամանից դուրս, կովերին բերում են պանթեոն՝ արածեցնելու: Իրենք փորձել են գտնել պահակին, սակայն տեղեկացել են, որ տարածքը չի հսկվում: Զոհվածի ընտանիքի անդամները մտադիր են անձնական միջոցներով ցուցանակ տեղադրել տարածքում ու մարդկանցից պահանջել չաղտոտել այն:

Նշենք, որ գերեզմանատան պահպանությամբ զբաղվում է Քաղաքապետարանի ենթակայությամբ աշխատող ՍՊԸ–ն, որի հետ կապվել մեզ այդպես էլ չհաջողվեց։ Վանաձորի քաղաքապետարանում խոստացան պարզել ՍՊԸ–ի անունը եւ խնդրեցին զանգահարել վաղը։