HDA Prodaction-ի տնօրեն Հայկ Վարդանյանը չի ժխտում, որ բազմաթիվ քաղաքացիներից խոշոր գումարներ է վերցրել արտասահման ուղեւորություն կազմակերպելու նպատակով։
NEWS.am-ի հետ զրույցում Հայկ Վարդանյանը նշեց, որ չստացված ուղեւորության պատճառով տուժել է 19 քաղաքացի՝ ընդհանուր 9700 եվրոյի չափով։
Ամբողջ գումարից, Հայկի խոսքով, իրեն բաժին չի հասել, ամեն ինչ արվել է հանուն հաղորդման նկարահանումների։
«Ես տուրը կազմակերպել էի, որպեսզի 6 երկրներում նկարահանումներ իրականացնեմ իմ խմբով, բայց տուրը չկայացավ իմ մեղքով»,- ասաց պրոդյուսերը։
Հայկ Վարդանյանը վստահեցրեց, որ ամբողջ գումարը շուտով կվերադարձնի։
«Ես չեմ փախչում, բոլորի գումարները տալու եմ»,- նշեց Հայկ Վարդանյանը՝ հավելելով, որ չորս քաղաքացու, այդ թվում՝ լրագրող, կինովավերագրող Վարդ Սիմոնյանից վերցրած գումարը մինչեւ նոյեմբերի 20-ը կվերադարձնի, մյուսներինը` ավելի ուշ։
Հայկ Վարդանյանի խոսքով՝ ինքը նույնիսկ ոստիկանությունից չի փախչում. անձամբ է քննիչին գտել, որպեսզի գրավոր պարտավորագիր հանձնի, թե երբ կվճարի տուժած քաղաքացիներին։
Հայկ Վարդանյանը խոստացավ քննիչի հետ հանդիպումից հետո բացահայտել ուղեւորության չկայանալու իրական պատճառը եւ այն, թե որտեղ է գումարը, եթե ուղեւորությունը չի կայացել։
Հայկ Վարդանյանը 19 քաղաքացիներին խոստացել էր «Մի ուղեգրի պատմություն» հաղորդման նկարահանման խմբի կազմում նրանց «Ֆանտազիա» նավով ուղեւորության տանել Իտալիա-Իսպանի-Ֆրանսիա-Պալմա-դե-Մայորկա-Մալթա-Իտալիա ուղղությամբ։
Հաղորդումը հեռարձակվում էր «Կենտրոն» հեռուստատեսությամբ, որն ըստ Հայկի, իր մասին հրապարակումներից հետո այլեւս եթեր չի հեռարձակվում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ լրագրող Վարդ Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայկ Վարդանյանը, ներկայանալով որպես «Կենտրոն» հեռուստատեսության աշխատակից, իրենից եւ մի շարք այլ քաղաքացիներից խոշոր գումարներ է շորթել (յուրաքանչյուրից 560–650 եվրո) եւ անհետացել։ Տուժածներից մեկը կատարվածի մասին ոստիկանություն հաղորդում է տվել, ինչի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։
Հայկ Վարդանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ երբեք «Կենտրոնի» աշխատակից չի եղել եւ չի ներկայացել։





























