Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի շենքը 3-րդ կարգի վթարային է, անհրաժեշտ է անհապաղ վերանորոգում։
NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը պատմեց, որ դպրոցը կառուցվել է 1960թ. եւ մինչ օրս չի հիմնանորոգվել, չնայած տարբեր պատկան մարմիններին դիմել են վթարային շենքի վերանորոգման խնդրանքով, սակայն ապարդյուն։
«Դիմել ենք վարչապետին, Կրթության եւ գիտության նախարարություն, քաղաքապետարան եւ մի շարք այլ կառույցների, սակայն վերանորոգումը, չգիտես ինչու, ձգձգվում է։ 20 տարի է՝ դպրոցի տնօրենն եմ, պետությունից որեւէ աջակցություն չենք ստացել, կոսմետիկ վերանորոգումը մեր միջոցներով ենք արել»,-ասաց տնօրենը։
Դպրոցի տնտեսվար Ջորջ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տանիքը, մանրահատակը, դռները եւ պատուհաններն անմխիթար վիճակում են։
«Պատուհանները չենք կարողանում բացել, սենյակներն օդափոխել, փեղկերը մասնատում են ապակիներն ընկնում են, չորրորդ հարկի առաստաղները տեղ-տեղ անձրեւաջրերից դեղնել են, ճաքեր առաջացել, որքան էլ փորձենք մեր ուժերով վերանորոգել, անհնար է։ Հատակի պարկետները քանդվում են, հարկ կա, որ մի տարածքում ընդհանրապես պարկետ չկա, երեխաները պատուհանից դրանք շպրտում են»,-ասաց տնտեսվարը։
Տնօրեն Մարինա Մալախյանը նշեց, որ Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային կենտրոնից մի քանի անգամ այցելել են դպրոց, հաստատել, որ շինությունը 3-րդ կարգի վթարային է, անհրաժեշտ է անհապաղ վերանորոգում, պատերի ճաքերին փարոսիկներ են դրվել, եւ տեղեկացրել են, որ Ալեքսանդր Բլոկի անվան ռուսական թեքումով դպրոցը առաջիկայում վերանորգվելիք 3 դպրոցների ցանկում է, սակայն հստակ ժամկետ եւ պայմանագիր դեռեւս չկա։
Մարինա Մալախյանի խոսքով՝ վերանորգման դեպքում իրենք մեկ այլ խնդրի առջեւ կկանգնեն. Հայտնի չէ՝ դպրոցն ինչ շենքում է շարունակելու դաս անցկացնել։
Տնօրենի խոսքով՝ շենքային վատ պայմանների պատճառով, սակայն, չեն տուժում աշակերտների աճը եւ ուսման որակը։ Դպրոցում այժմ սովորում է 607 աշակերտ։









































