Նախորդ տարվա օգոստոսին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում 12 հեկտար այգիների հրդեհից տուժած գյուղացիները դիմել են Վերաքննիչ դատարան՝ պահանջելով քննել ընկերության դեմ իրենց ներկայացրած քաղհայցը եւ խստացնել ընկերության եռակցողի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:
«Դատարանը մի քանի հարյուր հազար դրամով տուգանեց ընկերության եռակցողին, որի մեղքով հրդեհը բռնվել էր: Սակայն մենք առավելագույն խիստ պատիժ ենք պահանջում: Դատարանն իր որոշման հիմքում դրել էր, որ մեղմացուցիչ հանգամանքներ կան, բայց իրականում դրանք չկան, կան պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ, որ դատարանը հաշվի չի առել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքը ներկայացրած գյուղացիների ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ղալումյանը:
Փաստաբանը նշեց, որ «Եղվարդշին» ընկերության դեմ իրենց ներկայացրած փոխհատուցման քաղաքացիական հայցը առաջին ատյանի դատարանը չի բավարարել, դրա վերաբերյալ նույնպես իրենք բողոք են ներկայացրել Վերաքննիչ:
Նշենք, որ քաղհայցով գյուղացիները մոտ 15 միլիոն դրամի փոխհատուցում են պահանջում ընկերությունից:
Հիշեցնենք, որ 12 հեկտար այգիները հրդեհվել էին «Եղվարդշին» ընկերության տարածքում ջրագծի խողովակները հատել-մասնատելու աշխատանքներ կատարելու ժամանակ: Եռակցման սարքից թռած կայծերը, դիպչելով չոր, չհնձված խոտին, հրդեհ էին առաջացրել: Ըստ տուժածների, այդ կազմակերպությունը շինարարության թույլտվություն չի ունեցել եւ այն ստացել է դեպքից հետո: Տուժած գյուղացիները բողոքել էին, որ «Եղվարդշինի» տնօրենն իրենց վիրավորել է, չի ցանկանում փոխհատուցել վնասները: Նրանք բողոքի ակցա էին անցկացրել նախագահական նստավայրի դիմաց, ճանապարհ փակել Տավուշի մարզում:





























